Ի՞նչ է տալիս կամավորությունը


Մարտի 26-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի «Բազե» ակումբն անցկացրեց բանավեճ-քննարկում՝ «Ի՞նչ է կամավորությունը, ինչո՞ւ դառնալ կամավոր» թեմայով։
Որպես բանախոսներ հանդես եկան Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը և «ԱՄՆ Խաղաղության կորպուս, Հայաստան»-ի տարածաշրջանային ծրագրերի ղեկավար և երիտասարդական ծրագրերի համակարգող Հովհաննես Ստեփանյանը։ Ներկա էին Հայաստանում կամավորություն իրականացնող արտասահմանցի և Հայաստանից կամավորական ծրագրերի մասնակցած երիտասարդներ։
Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը ներկայացրեց կամավորական աշխատանքի տեսակները։ Խոսելով միջազգային կամավորական շարժման մասին՝ նա մասնավորապես նշեց, որ այն սկիզբ է առել Առաջին համաշխարհային պատերազմից անմիջապես հետո Եվրոպայում, երբ երիտասարդների նախաձեռնությամբ կազմավորվեցին կամավորական խմբեր, որոնք վերականգնում էին պատերազմից տուժած բնակավայրերը։ «Կամավորական աշխատանքը երիտասարդներին տալիս է մեծ հնարավորություններ՝ կուտակելու գիտելիքներ, հմտություններ և փորձ, որը հետագայում կարող են օգտագործել թե´ աշխատանքային գործունեության մեջ, թե´ ընտանիքում, թե´ առօրյայում»,- նշեց Ա. Մխիթարյանը։ Նա նաև կարևորեց Հայաստանում կամավորական աշխատանքի ճանաչման խնդիրը և ոլորտի օրենսդրական կարգավորումը։
«ԱՄՆ Խաղաղության կորպուս, Հայաստան»-ի տարածաշրջանային ծրագրերի ղեկավար և երիտասարդական ծրագրերի համակարգող Հովհաննես Ստեփանյանը, ներկայացնելով ԱՄՆ Խաղաղության կորպուսի աշխատանքները, նշեց, որ այն գործում է աշխարհի 75 երկրներում, և կազմակերպության շուրջ 7500 կամավորներ այսօր ծառայում են հիմնականում զարգացող պետությունների տարբեր համայնքներում։ Հայաստանում ԱՄՆ Խաղաղության կորպուսը ներկայացված է 1992թ.-ից և գործում է հիմնականում 4 ծրագրերի շրջանակներում՝ առողջապահություն, անգլերենի ուսուցանումը որպես օտար լեզու, շրջակա միջավայրի պահպանություն և համայնքային բիզնեսի զարգացում։ Հայաստանի 58 համայնքներում ներկայում ծառայում է Խաղաղության կորպուսի 98 կամավոր։
Բանախոսները նշեցին, որ վերջին տարիներին ավելացել է Հայաստան եկող կամավորների թիվը։ Մասնավորապես ԵՄ անդամ երկրներից 2008թ. Հայաստան է եկել 40-45 կամավոր, 2009-ին՝ 63, 2010-ին՝ մոտ 90 կամավոր։ Ընդ որում, ավելանում է նաև Հայաստանից մեկնող կամավորների թիվը։ Թվի այս աճն Ա. Մխիթարյանը պայմանավորում է ինչպես կամավորական աշխատանքի մասին երիտասարդների իրազեկության բարձրացմամբ, այնպես էլ եվրոպական երկրների կողմից կամավորական ծրագրերին հատկացված ուշադրությամբ։
Բանախոսները նշեցին նաև, որ կամավորական աշխատանքը հնարավորություն է տալիս ձևավորել լավ քաղաքացի, որը հասկանում է հասարակության կարիքները և աշխատում դրանց լուծման ուղղությամբ։
Հրավիրված հյուրերը պատասխանեցին նաև «Բազե» ակումբի կամավորների հարցերին, որոնք մասնավորապես վերաբերում էին կամավորների խրախուսման մեխանիզմներին, կամավորական աշխատանքի օրենսդրական կարգավորմանը, Եվրոպայում կամավորական աշխատանք կատարելու հնարավորություններին։

 


Ձևավորվեց "Բազե" ակումբը

Փետրվարի 26-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի ունեցավ "Բազե" ակումբի հավաքը, որին մասնակցում էր շուրջ 80 երիտասարդ։ Ակումբը գործում է Համահայկական երիտասարդական հիմնադրամի շրջանակներում։ Ակումբին անդամակցում են "Բազե" հավաքի ինչպես նախկին մասնակիցներ, այնպես էլ ակտիվ երիտասարդներ։

Հավաքի ընթացքում քննարկվեցին կազմակերպչական հարցեր, ակումբի կառուցվածքը, հետագա անելիքները։

"2002 թվականից, երբ սկսեցին կազմակերպվել "Բազե" համահայկական երիտասարդական հավաքները, մասնակիցների հետ մշտական կապ պաշտպանելու խնդիր էր առաջանում։ "Բազե" ակումբը փորձում է լուծել այդ խնդիրը",- ասաց "Բազե" ակումբի ղեկավար Սամվել Մերթարջյանը։ Նա նշեց, որ ակումբի անդամների նախաձեռնությամբ կկազմակերպվեն տարաբնույթ միջոցառումներ։

"Բազե" ակումբի շրջանակներում կազմավորվեցին ենթաակումբներ (ծրագրերի մշակման և իրականացման, մշակութային, մարզական և այլն), որոնցից յուրաքանչյուրը գործունեություն կծավալի համապատասխան ոլորտում։

Հանդիպման ավարտին "Բազե" ակումբի ղեկավար Ս. Մերթարջյանը պատասխանեց ակումբի անդամներին հետաքրքրող հարցերին, ինչպես նաև լսեց նրանց ակնկալիքներն ակումբից։

 

This free website was made using Yola.

No HTML skills required. Build your website in minutes.

Go to www.yola.com and sign up today!

Make a free website with Yola